Հաջորդ շաբաթ հայ-ադրբեջանական բանակցություններ տեղի կունենան․ Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչ
Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչ Սամեդ Սեյիդովը ԵԽԽՎ-ում մեկնարկած ամառային նստաշրջանին ելույթ ունենալով հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված է հայ-ադրբեջանական բանակցություններ։ Թե որտեղ և ինչ ձևաչափով ադրբեջանցի պատգամավորը չի հստակեցրել։ Այս մասին գրել է «Ազատությունը»։
«Մենք շատ մոտ ենք իրար։ Բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև շարունակվում են։ Հաջորդ շաբաթ բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա։ տեսնո՞ւմ եք Հայաստանից իմ գործընկերոջ հռետորաբանությունը։ Նրանք երազում են անցյալի տերմիններով, նրանք ի վիճակի չեն մտածել ապագայի մասին»,- հայտարարել է Սեյիդովը և պնդել, որ հայ պատգամավորների բարձրացրած խնդիրները իրականությանը չեն համապատասխանում։
«Շրջափակո՞ւմ՝ գոյություն չունի, այսպես կոչված ցեղասպանությո՞ւն՝ միանգամայն դուրս է օրակարգից, Լաչինի միջանցքի փակո՞ւմ՝ բոլորովին սխալ կարծիք, սադրանքնե՞ր՝ Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից, ռազմական գործողություննե՞ր՝ ցավոք, մենք տեսնում ենք», - ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը՝ հայկական կողմին կոչ անելով «նստել ու ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի հետ՝ ապագայի շուրջ»։