Գեղարքունիքի մարզի բազկամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի 32-րդ առաջնությունում
Հունիսի 8-ից 18-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի բազկամարտի առաջնությանը Հայաստանի հանրապետության հավաքականի կազմում մասնակցել են նաեւ Գեղարքունիքի մարզի երկու ներկայացուցիչ եւ տուն վերադարձել ոսկե մեդալներով։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, առաջնությանը մասնակցել են 31 երկրի 900 մարզիկ։ Հայաստանի Հանրապետությունը մրցավայր է ներկայացել 40 մարզիկով։ Գեղարքունիքի մարզը ներկայացրել են Արման Մրտեյանը եւ Ջանիբեկ Ղազարյանը։
Արման Մրտեյանը հանդիսանում է Եվրոպայի քառակի չեմպիոն եւ աշխարհի կրկնակի բրոնզե, կրկնակի արծաթե մեդալակիր։ Նա 60 կիլոգրամ քաշային կարգում ձախ եւ աջ ձեռքով գրավել է 1-ին տեղը, իսկ Ջ. Ղազարյանը գերծանրքաշային կարգում ձախ ձեռքով՝ 3-րդ, աջ ձեռքով՝ 1-ին տեղը։
«Ջանիբեկ Ղազարյանը հանդիսանում է միջազգային մրցաշարերի հաղթող, աշխարհի փոխչեմպիոն, SUPERMATCH-ի կրկնակի չեմպիոն եւ արդեն՝ Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ։
Այս տարվա հունիսի 9-ին կայացան մրցավարական սեմինարները, որտեղ Ջանիբեկը ցուցադրեց գերազանց արդյունք եւ ստացավ միջազգային կարգի մրցավարի որակավորում։ Ջանիբեկը նաեւ Արմանի անձնական մարզիչն է։ Ի դեպ, Արմանի 18 տարին արդեն լրացել է, ուստի այժմ նախապատրաստվում է 23 տարեկանից բարձր տարիքի մարզիկների մրցապայքարին, որտեղ եւս ակնկալում ենք նոր հաղթանակներ»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։