ՆԳՆ փրկարար ծառայության թիմը Վրաստանում մասնակցել է դաշտային լայնածավալ վարժանքին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիմը հունիսի 14-ից 16-ը Վրաստանում մասնակցեց դաշտային լայնածավալ վարժանքին, որի նպատակն էր տարածաշրջանային և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման միջոցով անտառային հրդեհներին արձագանքման կարողությունների զարգացումը:
Վարժանքի բարձարաստիճան հյուրերի թվում էին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը և տնօերնի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Վարժանքին մասնակցում էին 350 մասնակիցներ 8 երկրների 11 կազմակերպություններից։ Աշխատանքների հիմնական կազմակերպումն իրականացվում էր «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի կոնսորցիումի կողմից՝ Շվեդական Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավարությամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայության հետ համատեղ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիմը կազմված էր թվով 20 փրկարարական ծառայողներից, այդ թվում՝ հրշեջ-փրկարարական ջոկատից, քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային իրավիճակի մոնիտորինգի բաժնի ներկայացուցիչներից։
Լայնածավալ վարժանքի աշխատանքներին ներգարվված էին նաև բարձրաստիճան հյուրեր՝ մասնակից երկրների առաջին արձագանքման գերատեսչություններից և տարածաշրջանում գործող հումանիտար առաքելություններից։
Կազմակերպչական, գնահատման և խորհրդատվական աշխատանքներում ներգրավված էին ծրագրի անդամ երկրներից շուրջ 20 դիտորդներ, ինչպես նաև ԵՄ, ՄԱԿ և տարածաշրջանի զանազան առաքելությունների փորձագետներ, որոնք թիմերի հետ ուղղակի աշխատանք էին իրականացնում՝ արդյունավետ արձագանքման զարգացման ուղղությամբ։
Միջոցառումը նպատակ ուներ նաև զարգացնել երկխոսությունը տարածաշրջանում գործող տարբեր ծրագրերի միջև՝ «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» (HOPE) ծրագրի, գիտահետազոտական կարողությունների ներգրավմամբ, ինչպես նաև Իտալական ՉԻՄԱ (CIMA) և Կարմիր Խաչի միջազգային ընկերությունների մասնակցությամբ։
Լայնածավալ վարժանքի ընթացքում կիրառվեց համակարգված մոտեցում՝ վարժանքի պլանավորման և իրականացման հարցում. աշխատանքների հիմնական շեշտը դրվեց մասնակիցների և շահագրգիռ կողմերի լայն ներկայացվածության վրա:
Վարժանքն իրականացվեց հիմնվելով գոյություն ունեցող ազգային և տարածաշրջանային կառույցների նախաձեռնության վրա՝ ապահովելով շարունակականություն, միևնույն ժամանակ բացահայտեց համագործակցության նոր ոլորտներ, նոր գիտելիքներ և ռազմավարություններ: