Հայաստանի ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց` գերազանցելով Լատվիային
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով, բայց եզրափակող հատվածում հստակություն չկար: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը տարածքային առավելություն ուներ, իսկ Լատվիան շեշտը դնում էր արագ հակագրոհների վրա:
Եվ խաղի 35-րդ րոպեին Հայաստանի հավաքականն իրացրեց իրա հնարավորությունը: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Նաիր Տիկնիզյանը: Նա առաջին գնդակը խփեց հավաքականի կազմում:
Թիմերն ընդմիջման գնացին Հայաստանի հավաքականի նվազագույն առավելությամբ` 1:0:
Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին գործում էր առաջին համարով, սակայն Լատվիան էլ հետ չէր մնում գրոհների կազմակերպման հարցում: Եվ նման մի գրոհների ժամանակ դիպուկ հարվածով աչքի ընկավ և հաշվի տարբերությունը վերականգնեց Սավալնիեկսը` 1:1: Հայաստանի հավաքականը բաց թողած գնդակից հետո նետվեց հետ բերելու կորցրածը և գրոհը գրոհի հետևից էր անցկացնում:
Հանդիպման վերջնամասում Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը:
Հայաստան-Լատվիա` 2:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկանցի սեպտեմբերի 8-ին` արտագնա խաղում մրցելով Թուրքիայի հավաքականի հետ: