Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի ԵԽԽՎ-ում. ի՞նչ ակնկալիքներ են ձևավորվել Արցախում. News.am
ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի հարցը քննարկելու որոշումը դրական եմ գնահատում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա կարծիքով՝ պետք է բանաձեւ ընդունվի Ադրբեջանի շրջափակման պատճառով ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ, այն պետք է արտացոլի իրականությունը։
«Ադրբեջանի նկատմամբ պատշաճ միջազգային ճնշում չի գործադրվում։ Սա Բաքվին թույլ է տալիս գործել անպատժելիության և ամենաթողության պայմաններում։ Չկա նման ճնշում՝ չնայած Հայաստանի և Արցախի կառույցների կողմից իրականացվող աշխատանքին, որը կապված է օտար պետությունների տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի հետ»,- հավելեց նա։
Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ երկակի ստանդարտների քաղաքականությունը պետք է բացառվի։
Նա բացատրեց, որ այն արձագանքը, որը ցուցաբերում է միջազգային հանրությունը աշխարհի այլ ծայրերում ստեղծված իրավիճակներում, պետք է ցուցաբերվի նաև Արցախի ժողովրդի նկատմամբ։
Միաժամանակ, օմբուդսմենը հորդորեց շարունակել աշխատանքը՝ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի և գործողությունների հասնելու համար։
Ստեփանյանը վստահ է, որ Ադրբեջանը չի հասկանում կոչերի լեզուն, և քանի դեռ իր մաշկի վրա չի զգա հանցավոր գործունեության հետևանքները, կշարունակի նույն ոգով։
Նրա խոսքով՝ պատշաճ պատասխանը կարող է լինել Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Միայն իրադարձությունների նման զարգացման դեպքում Ադրբեջանը կարող է վերանայել իր պահվածքը։
Ստեփանյանը հիասթափություն է հայտնել ԵՄ-ում վերջին քննարկումների կապակցությամբ, որը, ելնելով տնտեսական շահերից, ձեռնպահ է մնում Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելուց։
«Մենք պետք է աշխատենք միջազգային հարթակում դիրքորոշումն ու վերաբերմունքը փոխելու ուղղությամբ։ Հետևողական աշխատանքի դեպքում հնարավոր է որոշակի փոփոխությունների հասնել՝ գոնե առանձին երկրների մակարդակով»,- կարծում է նա։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ էներգետիկ ճգնաժամի պատճառով Սարսանգի ջրամբարի հետ կապված իրավիճակը մոտենում է էկոլոգիական աղետի, ռեսուրսները մի քանի անգամ նվազել են։ Եթե իրավիճակը շարունակվի նույն տեմպերով, ապա ձմռանն Արցախը էներգետիկ ճգնաժամի կբախվի։
Նա հույս է հայտնել, որ ԵԽԽՎ զեկույցում այս հարցը եւս կշոշափվի։
«Մենք ակնկալում ենք, որ Բաքվի վրա ճնշում կգործադրվի, որպեսզի մարդիկ չկանգնեն ցրտահարության կամ սովի վտանգի առաջ։ Այս իրավիճակում մենք առաջին հերթին աջակցություն ենք ակնկալում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ԵՄ-ից»,- ասաց Ստեփանյանը։
Նա զարմանք հայտնեց, որ մարդու իրավունքների գերակայությունը առաջնահերթություն հռչակած կուսակցություններն այդքան անտեսում են Արցախում ստեղծված իրավիճակը։