Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնը կքննարկի BRICS-ի գագաթնաժողովի հրավերը, եթե այն ստանա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է դիտարկել մասնակցությունը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) գագաթնաժողովին, եթե նման հրավեր ստացվի։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ Հարավային Աֆրիկայի մայրաքաղաքում այդ երկրի արտգործնախարար Նալեդի Պանդորի հետ բանակցություններից հետո։
Նա նշել է, որ Ֆրանսիան որոշ ոլորտներում շփվում է BRICS-ի մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ, և «տրամաբանական է, որ նման համագործակցությունը կարող է տարբեր ձևեր և ֆորումներ ունենալ»։
Իր հերթին Պանդորն ասել է, որ BRICS-ի գագաթնաժողովին Մակրոնի հնարավոր մասնակցության գաղափարը «նորարարություն է»։ «BRICS-ի գագաթնաժողովներին կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների առաջնորդների մասնակցության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունի ասոցիացիայի նախագահը»,- ընդգծել է նա։
Ներկայումս BRICS-ը նախագահում է Հարավային Աֆրիկան: Կազմակերպության գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 22-24-ը՝ Յոհանեսբուրգում։