Իսրայելի ուժերի գործողությունների հետևանքով Արևմտյան ափին 2 պաղեստինցի է զոհվել, 28-ը՝ վիրավորվել
Իսրայելի անվտանգության ուժերն այսօր վաղ առավոտյան պաղեստինյան Ջենին քաղաքում ստուգարշավ են իրականացրել՝ ձերբակալություններ կատարելու նպատակով: Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) և տեղի բնակչության միջև փոխհրաձգություն և բախումներ են սկսվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը:
Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ բախումների հետևանքով զոհվել է 2 պաղեստինցի, վիրավորվել՝ 28-ը: Վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Jerusalem Post-ը հաղորդում է, որ գործողությունների ընթացքում ԻՊԲ-ն օգտագործել է մարտական ուղղաթիռներ, որպեսզի դուրս բերի իր զինծառայողներին և սարքավորումները: Սա վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ Իսրայելի զինվորականները Հորդանան գետի Արևմտյան ափին գործի են դնում գրոհային ուղղաթիռ:
Նշվում է նաև, որ փոխհրաձգության ընթացքում ԻՊԲ-ի զրահապատ մեքենային հարվածել է ռումբը, որն, ըստ տեղեկությունների, տեղադրված է եղել Իսրայելի ուժերի դուրս գալու հատվածում:
תיעוד חריג מג'נין: מסוק של צה"ל משחרר נורים לאוויר@Doron_Kadosh pic.twitter.com/OrdDu45tPp
— גלצ (@GLZRadio) June 19, 2023