Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը ժամանակի առումով սահմանափակված չէ. ՌԴ ԱԳՆ
Բելառուսի տարածքում Ռուսաստանի Դաշնության մարտավարական միջուկային զենքի տեղակայման համաձայնությունը ժամանակային շրջանակներ չի ենթադրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Ինչ վերաբերում է Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի առկայության հնարավոր ժամանակային շրջանակներին, ապա ռուս-բելառուսական համաձայնություններն այս հարցում որևէ սահմանափակում չեն ենթադրում: Ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում Ռուսաստան մարտավարական միջուկային զենքի հիպոթետիկ վերադարձի հիմնական պայմաններ կարող են դառնալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրաժարումը Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության և ինքնիշխանության խաթարման ուղեգծից», - ասել է նա:
«Անշուշտ, մեր այդ քայլին պետք է նախորդի ամերիկյան ամբողջ միջուկային զենքի լիովին դուրսբերումը ԱՄՆ-ի տարածք՝ Եվրոպայում համապատասխան ենթակառուցվածքի վերացմամբ», - հավելել է Պոլիշչուկը։
Դիվանագետի խոսքով՝ Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման որոշումը «շատ բանով կրում է հարկադրական բնույթ և իրագործվել է՝ ի պատասխան դաշինքի ագրեսիվ քաղաքականության», հաշվի առնելով ՆԱՏՕ-ի երկրների «համատեղ միջուկային առաքելությունների բազմամյա ապակառուցողական գործելակերպը»։
Ընդ որում, Պոլիշչուկն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները «չեն հակասում նրա միջազգային-իրավական պարտավորություններին, այդ թվում՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի առումով, քանի որ միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանի խնդիրն է»:
«Ի տարբերություն Եվրոպայի երկրներում ամերիկյան մարտագլխիկների, մեր հատուկ ռազմամթերքը կգտնվի Ռուսաստանի անմիջական մերձակայքում՝ Միութենական պետության տարածքում, որի շրջանակներում ստեղծվել է միասնական պաշտպանական տարածություն», - նշել է դիվանագետը: