Թուրքիայում առաջարկել են «բանակ» ուղարկել Ֆրանսիա՝ պաշտպանելու Փարիզը
Թուրքական շներն ու կատուները կարող են փրկել Փարիզը, որը գրավել են առնետներն ու մկները, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրում է Sabah-ի սյունակագիր Մևլութ Թեզելը։
Ինչպես նշել է լրագրողը, Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները «պատերազմ են հայտարարել առնետներին»՝ դրա վրա ծախսելով զգալի միջոցներ և տարբեր մեթոդներ կիրառելով կրծողների դեմ պայքարում։
«Քաղաքային ծառայություններն ամեն օր որսի էին գնում, բայց ճակատամարտում հաղթեցին առնետները»,- ասել է Մևլութ Թեզելը։
Հիմա Փարիզում որոշել են փոխել մոտեցումը և քաղաքապետարանում ստեղծել են աշխատանքային խումբ՝ առնետների հետ քաղաքացիների «համակեցության» հարցերով, գրել է նա։
«Իրականում խնդիրը կլուծվի, եթե մենք մեր փողոցներից հավաքենք շների ու կատուների բանակ և ուղարկենք Փարիզ»,- ասել է հոդվածի հեղինակը։
Իշխանությունները տարիներ շարունակ անհաջող կերպով փորձում են պայքարել Ֆրանսիայի մայրաքաղաքում ապրող միլիոնավոր առնետների դեմ։
Քաղաքի յուրաքանչյուր զբոսայգու և փոքրիկ հրապարակի ցանկապատին փակցված է «առանց առնետների» գրառմամբ ցուցանակ և քաղաքացիներին աղբ չթափելու կոչ։