«Գրեմմի»-ն արգելել է արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտությունն առաջադրել որևէ անվանակարգում
Միացյալ Նահանգների ձայնագրման ակադեմիան նոր կանոն է ներկայացրել, որն արգելում է բացառապես արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտությանը հավակնել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակին առաջադրմանը: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NME-ն։
«Միայն մարդիկ իրավունք ունեն առաջադրվել կոմիտեի ուսումնասիրմանը, առաջադրվել կամ արժանանալ «Գրեմմի»-ի: Ստեղծագործությունը, որում մարդը հեղինակ չէ, չի կարող առաջադրվել որևէ անվանակարգում»,- ընդգծվում է նոր կանոնում։
Նշվում է, որ հավակնորդները կարող են երաժշտություն ստեղծել արհեստական բանականության միջոցով, սակայն աշխատանքում գերակշռող պետք է լինի մարդու ստեղծածը։ Միևնույն ժամանակ, Ակադեմիան չի հստակեցրել, թե ինչպես է ապացուցելու ԱԲ-ի օգտագործումը երաժշտության մեջ, ինչպես նաև ինչպես է դիտարկվելու կոմպոզիցիայի մեջ մարդու և համակարգչային ներդրումների հարաբերակցությունը:
NME-ն նշում է, որ ակադեմիան այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ երաժշտական համայնքը սկսել է խոսել ստեղծագործության մեջ արհեստական բանականության օգտագործման էթիկայի մասին։