Երևանի Մոսկովյան փողոցում 2022 թվականի մարտին կատարված սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Մոսկովյան փողոցում 49-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Ա․Ա.-ն, 49-ամյա համաքաղաքացի Արսեն Սարգսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, քրեական վարույթով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է 7,65 մմ տրամաչափի հրազեն՝ ատրճանակ:
Դեպքի օրը՝ 2022թ․ մարտի 7-ին, նախապես տեղեկացված լինելով վերջինիս գտնվելու վայրի մասին, Ա․Ա․-ն հսկել է նրա տեղաշարժը, հետապնդել, դարանակալել և սպասել է նրան Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 31-րդ շենքի մոտ։ Երբ վերջինս ժամը 23:40-ի սահմաններում ցանկացել է շենքի շքամուտք մտնել, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ տուժողի՝ դեպքի վայրում գտնվող ընկերը նրան տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու արդյունքում նրա կյանքը փրկվել է:
Նույն ընթացքում 45-ամյա տղամարդն ատրճանակով արձակված կրակահերթերի արդյունքում դիտավորությամբ վնասել է նաև նշված շենքի բակում կայանված երկու ավտոմեքենաները՝ դրանց սեփականատերերին պատճառելով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին/, 235-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին/ և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մասով նախաքննությունը շարունակվում է: