Թուրքիան խոստանում է հաստատել Շվեդիայի անդամությունը ՆԱՏՕ-ին, եթե այն կատարի ահաբեկչության դեմ պայքարի իր պարտավորությունները
Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերներին տեղեկացրել է, որ Շվեդիան կկարողանա միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, եթե կատարի հակաահաբեկչական պայքարում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են անցյալ տարվա հունիսին ստորագրված Մադրիդյան հուշագրից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների հանդիպման արդյունքներով։
«Մենք մեր դաշնակիցներին տեղեկացրել ենք, որ Ստոկհոլմի հետ մեր երկկողմ բանակցություններում հայտարարել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանն աջակցելու մասին, և որ Շվեդիան եռակողմ հուշագրում ամրագրված պարտավորությունների կոնկրետ կատարմամբ կկարողանա Ֆինլանդայի նման միանալ ՆԱՏՕ-ին»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։