Հայաստանի ընտրանին Քարդիֆում հաղթեց Ուելսին
Եվրո-2024-ի ընտրական փուլի D ենթախմբի երկրորդ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալվել էր Ուելսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկային րոպեներին Ուելսի հավաքականը տիրում էր նախաձեռնությանը: Գրոհները հաջորդում էին միմյանց, իսկ Հայաստանի հավաքականը երբեմն հակագրոհում էր: 10-րդ րոպեին արագ հակագրոհներից մեկի ժամանակ Ուելսն օգտագործեց հնարավորությունը: Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Դանիել Ջեյմսը:
9 րոպե անց Հայաստանի հավաքականը վերականգնեց հաշվի տարբերությունը: Ստանալով Նաիր Տիկնիզյանի փոխանցումը՝ Լուկաս Սելարայանը դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Խաղակեսի մյուս հատվածում թիմերը փոխանակվում էին գրոհներով: Ի վերջո, Հայաստանի հավաքականը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Ընտրանու կազմում պաշտոնական խաղերում առաջին գնդակը խփեց Հրանտ-Լեոն Ռանոսը: Վերջինս գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: Թիմերն ընդմիջման գնացին Հայաստանի հավաքականի առավելությամբ՝ 1:2:
Երկրորդ կեսի մեկնարկում Ուելսի կրկին հանդես էր գալիս «առաջին համարով»: Բայց Հայաստանի ընտրանին էլ միայն պաշտպանության վրա չէր կենտրոնացած: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 66-րդ րոպեին խփեց նաև երրորդ գնդակը: Ստանալով Լուկաս Սելարայանի փոխանցումը՝ Հրանտ-Լեոն Ռանոսը դարձավ դուբլի հեղինակ՝ 1:3: 72-րդ րոպեին Ուելսը կրճատեց հաշվի տարբերությունը: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Չանչարևիչի դարպասը գրավեց Հարի Ուիլսոնը՝ 2:3:
Հայաստանի հավաքականը, սակայն, շատ արագ վերականգնեց 2 գոլի առավելությունը։ 75-րդ րոպեին Լուկաս Սելարայանը ձևակերպեց դուբլ՝ հաշիվը դարձնելով 2:4: Իսկ 80-րդ րոպեից Ուելսը մնաց 10 ֆուտբոլիստով․ կարմիր քարտ ստացավ Քիֆեր Մուրը Հայաստանի հավաքականի դարպասահին հարվածելու համար:
Ուելս-Հայաստան՝2:4:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում հունիսի 19-ին Երևանում կհյուրընկալի Լատվիային: Խաղը կմեկնարկի 20:00-ին: