Պակիստանը և Իրանը քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն 2021 թ.-ից ի վեր առաջին անգամ
Պակիստանը և Իրանը հունիսի 17-18-ը Թեհրանում կանցկացնեն երկկողմ քաղաքական խորհրդակցությունների 12-րդ փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հունիսի 16-ին հաղորդել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։
«Պատվիրակները կքննարկեն Պակիստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների բոլոր կողմերը, որոնք ընդգրկում են քաղաքականության, տնտեսության, առևտրի և ներդրումային համագործակցության հարցերը, փոխգործակցությունը սահմանային անվտանգության, կրթության, կլիմայի փոփոխության և մշակույթի ոլորտներում», - մեջբերել է պաշտոնյայի խոսքերը ARY News հեռուստաալիքը։
Կողմերը նաև կքննարկեն իրադրությունն Աֆղանստանում, Քաշմիրում, իրանասաուդական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը։
Պակիստանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ասադ Մաջիդ Խանը, իրանական կողմը կներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։
Պակիստանի և Իրանի միջև քաղաքական խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերին Իսլամաբադում: