Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք․ 33-ամյա երիտասարդը կալանավորվել է (տեսանյութ)
Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ 33-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Հունիսի 6-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց Էրեբունու բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդի մայրը ոստիկաններին ներկայացրեց մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ: Տանտիկինը նաև հայտնեց, որ ողորկափող հրացանը պատկանում էր հանգուցյալ սկեսրայրին:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդին առաջադրվել է մեղադրանք, նա ձերբակալվել է, ապա դատարանի որոշմամբ` կալանավորվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: