Ֆինլանդիայում ձևավորվել է նոր կառավարություն
Ֆինլանդիայում յոթ շաբաթ տևած բանակցություններից հետո չորս կուսակցություններ համաձայնեցրել են կոալիցիոն կառավարության ստեղծումը՝ վարչապետ Պետերի Օրպոյի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Մի քանի ԶԼՄ-ների գնահատումներով՝ այս կառավարությունն «ամենաջը կդառնա Ֆինլանդիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։ Նշվում է, որ, բացի Օրպոյի գլխավորած պահպանողական Ազգային կոալիցիոն կուսակցությունից, կառավարության կազմում կընդգրկվեն աջ պոպուլիստական «Զտարյուն ֆիններ» կուսակցությունը, Շվեդական ժողովրդական կուսակցությունը և քրիստոնյա դեմոկրատները: Ընդ որում, կառավարությունում ներկայացված չի լինի ոչ մի ձախ կուսակցություն։
Պետերի Օրպոն Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնում կփոխարինի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սաննա Մարինին, որը հրաժարական էր տվել ապրիլին։ Մարինը բնակչության շրջանում ժողովրդականություն էր վայելում կորոնավիրուսային համավարակի դեմ իր հաջող պայքարի և այն քաղաքականության շնորհիվ, որ նա վարել է Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած պատերազմի մեկնարկից հետո, սակայն նրա կուսակցությունը, միևնույն է, պարտություն կրեց վերջին խորհրդարանական ընտրություններում։ Ակնկալվում է, որ նոր կառավարության հիմնական խնդիրներից մեկը լինելու է պետական պարտքի կրճատումը։