Սաակաշվիլին վերադառնում է վրաստանյան քաղաքականություն
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել վրացական քաղաքականությանը։
Երրորդ նախագահը նշել է՝ չնայած իր առողջական վիճակին, մտադիր է ուկրաինական քաղաքականությանը զուգահեռ շատ ակտիվ ներգրավվել նաև վրացական քաղաքականությունում:
«Ոչ թե պետք է ձեռքերը ծալած սպասենք Ուկրաինայի հաղթանակին, այլ պետք է ակտիվորեն մոտենալ հաղթանակին՝ մեր նորարարական և խիզախ գործողություններով: Այսօրվանից մտադիր եմ մասնակցել բոլոր «դատավարություններին», որոնց ֆիզիկապես կկարողանամ»,-aliq.ge-ի փոխանցմամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է Սաակաշվիլին:
Ի դեպ, Սաակաշվիլիի փաստաբանները գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի վերջին էին հայտարարել, որ երրորդ նախագահը հեռանում է վրացական քաղաքականությունից։
Հիշեցնենք՝ Վրաստանի երրորդ նախագահը բանտում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի նկատմամբ ևս երեք գործ է հարուցվել: