Արցախում ասում են՝ մեռնելը հեշտ է, պայքարելը՝ դժվար. Արցախցին ընտրում է պայքարի դժվար ճանապարհը. Մետաքսե Հակոբյան
Ադրբեջանի ցանկացած գործողություն նախ հոգեբանական ահաբեկչության նպատակ է հետապնդում։ Հակարի կամրջին տեղի ունեցած միջադեպը որքան էլ տարօրինակ թվա, նպատակաուղղված էր անցակետը լեգիտիմացնելուն։ Հարց է, թե ինչու հենց հիմա տեղի ունեցավ այդ միջադեպը, օրինակ՝ ինչու՞ կրակահերթ չեղավ անցակետը տեղադրելու կամ առաջին դրոշը տեղադրելու օրը, ի՞նչ իմաստ ունի երկրորդ փալասի վրա կրակել, երբ առաջինն արդեն տեղադրվել է, գուցե սադրանքը նախ ռուս խաղաղապահների համար հերթական խնդիրը հարուցելու՞ համար էր, Aysor.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Արցախի նախագահի հետ հանդիպմանն ասել ենք, որ խրախուսելով մարդկանց՝ անցակետով անցնելը, հատում է կարմիր գիծը։ Հարությունյանի պատասխանը, թե այլընտրանք չկա, մեզ չի բավարարում․ կա այլընտրանք՝ ընդհանրապես անցակետից չօգտվել»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով ՝ Արցախում կան ուժեր, որոնք ունեն ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, պատրաստ են պատասխանատվություն ստանձնել ճգնաժամը հաղթահարելու հարցում։
«Վերջերս տրվեց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի գործունեության մեկնարկը, քաղաքական չորս ուժ ներկայացվածություն ունի խորհրդում, բոլորի նպատակը մեկն է՝ Արցախի, մայր Հայաստանի փրկությունը. մենք մեզ Հայաստանից չենք տարանջատում։ Մինչև 2035 թվականի համար մշակել ենք ռազմավարություն՝ բոլոր հնարավոր սցենարները հաշվի առնելով։ Թեև ՀՀ, Արցախի իշխանությունները փորձում են խոչընդոտներ ստեղծել շարժման համար, բայց հանրային մեծ աջակցություն ունենք, վստահաբար հաջողելու ենք։ Ամեն օր հանդիպում ենք մարդկանց հետ, իրազեկում։ Այսօր, երբ գործարարներից մեկի հետ էի զրուցում, սկզբում այդ մարդը բավական հիասթափված էր՝ թե Արցախն արդեն վաճառել են, զրույցի ավարտին տրամադրության փոփոխությունն ակնհայտ էր։ Երբ մարդկանց բացատրում ես, որ հենց մեզնից, յուրաքանչյուրիցս է կախված Արցախի փրկությունը, միանգամից ոգևորվում են, մինչդեռ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից հետո մարդկանց տագնապային տրամադրություններից դուրս բերելը գրեթե անհնար է դառնում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Հակոբյանի գնահատմամբ՝ Արցախում մեծամասնությունն ունի որոշում՝ հարկ եղած դեպքում զենքը ձեռքին մեռնել, բայց չլքել տունը, հարազատների շիրիմները․ «Մարդիկ, պատրաստ լինելով ամենածայրահեղ իրավիճակին, ասում են՝ մեռնելը հեշտ է, պայքարելը՝ դժվար, բայց արցախցին ընտրում է պայքարի դժվար ճանապարհը։ Այո, կա գիտակցում, որ հեշտ չի լինելու, որովհետև մեր թշնամին ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանն են, այլ նաև, ցավոք, ՀՀ իշխանությունները՝ թուրք-ադրբեջանական տանդեմին սպասարկող, բայց ոչինչ կորած չէ»։
Պատգամավորն ասում է՝ հասկանալի է՝ Ադրբեջանն ու Թուրքիան լուրջ ճնշումներ են գործադրում խաղաղության պայմանագիրը կնքելու համար, պարզապես հիմա Թուրքիան, Ադրբեջանը, ՀՀ իշխանությունը փորձում են ճշգրտել խաղի կանոնները, ինչի պատճառով Արցախի շուրջ օղակը սեղմվում է։ ՀՀ իշխանությունները հայտարարում են՝ մանդատ չունեն Արցախի անունից բանակցելու, բայց փաստորեն մանդատ ունեն Արցախը որպես մանրադրամ օգտագործելու՝ սեփական աթոռը փրկելու համար։
Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ այս իրավիճակում հասկանալով, որ չենք կարողանում ազդեցություն ունենալ հայկական իշխանությունների վրա, սկսում ենք մեղավորներ փնտրել՝ հաճախ սլաքներն ուղղելով ռուս խաղաղապահների ուղղությամբ։ Բայց պետք է գիտակցել, որ այս իրավիճակում ամենաքիչ դերակատարությունն ու մեղքի բաժինն ունեն ռուս խաղաղապահները. ճգնաժամը հաղթահարելու համար առաջնային է Հայաստանի, Արցախի գործող իշխանություններին օր առաջ հեռացնելը։