Մենք անընդհատ շփվում ենք․ Օվերչուկը՝ Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի մասին
Մոսկվան գրեթե ամենօրյա ռեժիմով շփվում է երևանի և Բաքվի հետ՝ Հայսատանի և Բաքվի միջև տրանսպորտային կապի ապաշրջափակման հարցով: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կապ և երկխոսության հարթակ ապահովում։ Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե կոնկրետ երբ է տեղի ունենալու ապաշրջափակումը և որքան արագ կամ դանդաղ։ Երբ կողմերը պայմանավորվեն, այդ ժամանակ էլ դա տեղի կունենա», - ասել է նա։
Օվերչուկը նաև հայտնել է, որ Պետերբուրգի միջազգային տնտեսագիտական համաժողովի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք դեռ չեն լուծվել Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ հանդիպումից հետո:
«Հիմնական աշխատանքը տեղի է ունենում մշտական ռեժիմով։ Տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայով ադրբեջանական և հայկական կողմի հետ շփումը գրեթե ամենօրյա ռեժիմով պահպանվում է։ Դա իրականում այդպես է: Մենք անընդհատ շփվում ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում: Աշխատանքը միայն հանդիպումից հանդիպում չէ», - ասել է նա՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների մասին հարցին։
Ավելի վաղ, հունիսի 2-ին Մոսկվայի, Բաքվի և Երևանի աշխատանքային խմբի հանդիպումից հետո Օվերչուկը զգալի առաջընթաց է նկատել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին երկխոսության հարցում։