Որևէ կասկած չկա, որ սա քաղաքական հետապնդում է. Շահնազարյանը՝ Աշոտյանի ձերբակալման մասին
«Գործող իշխանությունների հայտարարություններին պետք է վերաբերվել առնվազն հեգնանքով, որովհետև իրականության հետ նրանք որևէ կապ չունեն»,- հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասաց 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, քննարկում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը։ Դավիթ Շահնազարյանը դատարանի մոտ է՝ ի աջակցություն Արմեն Աշոտյանի։
«Ինչ վերաբերում է Աշոտյան Արմենի հետ այսօր կատարվող այս իրադարձությանը, ակնհայտ է, որևէ կասկած չկա, որ սա քաղաքական հետապնդում է»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։
Նրա գնահատմամբ, սա գործող իշխանության կողմից ուղղակի ուժի ցուցադրություն է․ «Այսինքն՝ ինչ ուզեմ, կբանակցեմ, որ տարածքները կուզեմ, կհանձնեմ, ում կուզեմ, կազատազրկեմ։ Ընդամենը բռնություն հանուն բռնության։ Նպատակը, կրկնում եմ, ուժի ցուցադրությունն է»։
Դ.Շահնազարյանը նշեց, որ իշխանությունն այն վիճակում է, որ անում է այն, ինչ ուզում է, ցավոք սրտի, չհանդիպելով լուրջ դիմադրության. «Ուժի ցուցադրում ասելով հենց դա նկատի ունեմ՝ ում կուզեմ կազատազրկեմ, դրա համար ինձ ոչինչ չի լինի, ամեն ինչ կարող եմ ներսում անել»։
«Չեմ բացառում, որ սա ուղերձ է նաև Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին։ Որովհետև վերջերս տարբեր հրապարակումներ եղան, որ ի տարբերություն Ալիևի, Փաշինյանն իր հերթին իրավիճակը չի վերահսկում։ Չեմ բացառում, որ սա ուղերձ է, որ «ես ամեն ինչ այստեղ վերահսկում եմ»»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։