Քունք-ստործնոտային հոդի խանգարումները կարող են հանգեցնել քրոնիկ դեպրեսիայի
Գոյություն ունի որոշակի կապ՝ դեպրեսիայի ու լարվածության և քունք-ստործնոտային հոդի խանգարումների միջև: Սովորաբար այդ խանգարումներն ընդգրկում են այդ հոդի բաղադրիչ կազմող մկանային և հոդային տարրերը, փոխանցում է Aysor.am-ը։
Գերմանիայում կատարված մի հետազոտության մասին է հրապարակվել The Journal of Pain ամսագրում։ Համաձայն այդ հետազոտության՝ քունք-ստործնոտային հոդի ցավը կարող է լինել դեպրեսիայի և լարվածության ֆիզիկական արտահայտում: Հետազոտությանը մասնակցել են գրեթե 4000 հիվանդ, եզրակացվել է, որ դեպրեսիվ սիմպտոմներն առավել ուժեղ կապված են քունք-ստործնոտային հոդի ցավի հետ, իսկ լարվածություն սիմպտոմները՝ մկանային ցավի հետ:
Հավանական պատճառներից է համարվում այն, որ նշված հոգեվիճակում նյարդային համակարգի յուրահատուկ վիճակը կարող է բերել հոդի հետ անմիջականորեն կապված ծամիչ մկանների գերֆունկցիայի, դա էլ՝ քունք-ստործնոտային հոդի բորբոքմանը և ցավին: Բացի այդ՝ նշված վիճակում գլխուղեղում քիմիական միջնորդանյութերի հավասարակշռությունը խախտվում է, որից էլ կարող է փոխվել օրգանիզմում ցավի զգացողության ընկալումը:
Հետազոտության արդյունքները վկայում են քունք-ստործնոտային հոդի ցավային համախտանիշի և դեպրեսիայի ու լարվածության միջև որոշակի կապի մասին, սակայն դա միանշանակ չի նշանակում, որ նրանց միջև կա պատճառահետևանքային կապ:
Այնուամենայնիվ, արդյունքները ցույց են տալիս, որ դեպրեսիայի ու լարվածության վիճակները կարող են լինել ռիսկի գործոններ՝ քունք-ստրոծնոտային հոդի խանգարումների համար։
Նման դեպքերում քունք-ստործնոտային հոդի խանգարումների բուժումը իրականացվում է դիմածնոտային վիրաբույժի և նյարդաբանի թիմային աշխատանքի շնորհիվ: