Նավաբեկության հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 79-ի. Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել
Առնվազն 79 մարդ է մահացել և 104 մարդ փրկվել է Հունաստանի ափերին միգրանտներով նավի խորտակումից հետո: Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են: Ըստ ողջ մնացածների՝ նավում եղել է 500-ից 750 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:
Հունաստանի իշխանություններն այս նավաբեկությունն անվանել են երկրի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը և զոհերի հիշատակին եռօրյա սուգ են հայտարարել:
Նավը խորտակվել է Պելոպոնեսի Պիլոս քաղաքից 80 կմ դեպի հարավ-արևմուտք, հունիսի 14-ին՝ տեղի ժամանակով գիշերը ժամը 02:00-ից հետո: Ըստ հրապարակման՝ ժամը 01:40-ին նավում գտնվողներից մեկը Հունաստանի առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել է, որ նավի շարժիչի աշխատանքը խափանվել է: Դրանից քիչ անց նավը շրջվել է, իսկ 10-15 րոպեի ընթացքում՝ ամբողջովին խորտակվել:
Նավը Լիբիայից ուղևորվում էր Իտալիա: Նավի ուղևորներն, ըստ տեղական ԶԼՄ-ների, արդեն մի քանի օր է, ինչ ծովում էին: Նաև հաղորդվում է, որ Մալթայի դրոշի տակ նավարկող մի բեռնատար նավ հունիսի 13-ին մոտեցել էր միգրանտների նավին և նրանց սնունդ ու ջուր տվել:
Ամեն տարի հարյուրավոր մարդիկ են մահանում՝ փորձելով հատել Միջերկրական ծովը: Փետրվարին Իտալիայի հարավում առնվազն 94 մարդ էր մահացել նավաբեկության հետևանքով:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այս տարվա ընթացքում ավելի քան 70 հազար փախստականներ և միգրանտներ են ժամանել Եվրոպական երկրներ, որոնց մեծ մասը՝ Իտալիա: