Իրկուտսկի մարզում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 62-ի․ սրճարանի սեփականատերը ձերբակալվել է
Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 62-ի: Շաուրման մատուցած արագ սննդի սրճարանի սեփականատերը ձերբակալվել է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի (ՔԿ) Իրկուտսկի մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունը։
«Ձերբակալվել է Բրատսկի արագ սննդի սրճարանի սեփականատերը... որտեղ թունավորման նախանշաններով բժշկական օգնության է դիմել 62 մարդ, նրանցից 29-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 5 երեխա», - հայտնել են մամուլի ծառայությունում։
ՔԿ-ի տվյալներով՝ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի արտադրություն, պահպանում, վաճառք):
Տարածաշրջանային «Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով՝ արձանագրվել է սուր աղիքային վարակի 29 դեպք։ Հունիսի 14-ի առավոտյան հայտնի էր դարձել Բրատսկի 11 բնակիչների, այդ թվում՝ 5 երեխաների թունավորման մասին՝ շաուրմա վաճառող սրճարան այցելելուց հետո։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են։ Հունիսի 15-ի առավոտյան հաղորդվել է տուժածների թվի ավելացման մասին։
Տարածաշրջանային «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները խախտումներ են հայտնաբերել կերակուրների պատրաստման, սրճարանում մթերքի պահման տեխնոլոգիական գործընթացում։ Նաև հաստատությունում չկան պայմաններ աշխատողների անձնական հիգիենայի պահպանման համար։ Հաստատությունը ժամանակավորապես փակվել է: