Կանադայի սահմանապահները վեց ամսում 6.3 տոննա մետամֆետամին են առգրավել
Անցած վեց ամսվա ընթացքում Կանադայի սահմանային ծառայությունը կանխել է ավելի քան 6,3 տոննա մետամֆետամինի արտահանումը երկրից, այդ թվում՝ մաքսանենգներից առգրավելով իր պատմության մեջ այս թմրամիջոցի ամենամեծ խմբաքանակը՝ գրեթե 3 տոննա քաշով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CTV News պարբերականից, այդ մասին հայտարարել է Կանադայի սահմանապահ ծառայությունը:
Ընդհանուր առմամբ, մաքսավորները 2022 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա մայիսը թմրանյութի չորս խմբաքանակ են առգրավել։
Ռեկորդային՝ 2907 կգ մետամֆետամինի առգրավումը տեղի է ունեցել հունվարի 22-ին: Հեղուկ մետամֆետամինը թաքցված է եղել 180 տարաներում, որոնց վրա գրված է եղել կանոլայի յուղ:
Բացի այդ, դեկտեմբերին առգրավվել է 204 կգ բյուրեղացված մետամֆետամին, իսկ մայիսի 3-ին և մայիսի 31-ին՝ համապատասխանաբար 325 կգ և 2 898 կգ հեղուկ մետամֆետամին:
Ըստ Կանադայի սահմանային ծառայության հայտարարության՝ քրեական տարրերը փորձել են Կանադայից թմրանյութերը տեղափոխել Ավստրալիա խաղաղօվկիանոսյան Բրիտանական Կոլումբիա նահանգի մաքսային ճանապարհով։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ հետաքննության ընթացքում աշխատել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ավստրալիայի դաշնային ոստիկանության, Ավստրալիայի սահմանապահ ծառայության և Նոր Զելանդիայի ոստիկանության և մաքսային ծառայության հետ: