Բորելը հաստատել է 1,5 մլրդ եվրո օգնության հատկացումը սիրիական հակամարտությունից տուժածներին
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել շարունակել աջակցությունը սիրիացի ժողովրդին, որը, նրա խոսքով, տառապում է Սիրիայում տասնամյա զինված հակամարտությունից ու տնտեսական կոլապսից: Նա նաև հաստատել է 2023 և 2024 թթ.-ի ֆինանսական օգնության հատկացման պլանները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Մենք նաև չենք կարող մոռանալ հարևան երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում և Իրաքում ապրող սիրիացի փախստականների կարիքները, ինչպես նաև նրանց ընդունող համայնքների կարիքները: Մենք պետք է արդարացնենք սիրիացի ժողովրդի և տարածաշրջանի` մեզ բոլորիս վրա դրված հույսերը», - հայտարարել է Բորելն այսօր Բրյուսելում կայացած Սիրիայի և տարածաշրջանի ապագային նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովում։
«Ես ուրախ եմ հաստատելու այն խոստումը, որ անցյալ տարի տվել էի Եվրամիության անունից՝ 2023 թվականի այս օրացուցային տարվա համար 1,5 միլիարդ եվրո հատկացնել՝ ի նպաստ Սիրիայում գտնվող սիրիացիների, ինչպես նաև փախստականների ու տարածաշրջանում նրանց ընդունող համայնքների: Ես կարող եմ նաև հավաստիացնել, որ 2024 օրացուցային տարում ԵՄ-ն կտրամադրի 560 միլիոն եվրո», - հայտարարել է Բորելը։
Նրա տվյալներով՝ երկրում բնակվող սիրիացիների 90 տոկոսն աղքատության մեջ է, 60 տոկոսը տառապում է պարենամթերքի անբավարարությունից։