Մենք երբեք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց ոչ Ադրբեջանի առաջ քաշած փիլիսոփայությամբ. Դավիթ Բաբայան. News.am
Մենք երբեք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց ոչ այն փիլիսոփայությամբ, որն առաջ է տանում Ադրբեջանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ռուսական մամուլի տեղեկություններին, ըստ որի, ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։ Հրաժարվելու դեպքում Ստեփանակերտին սպառնում են «ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»:
«Ադրբեջանը փորձում է այդ բանակցությունները վերածել ներադրբեջանական երկխոսության: Սա հնարավոր չէ, մեզ համար անընդունելի է: Հետեւաբար, ցանկացած նման փորձ Արցախի իշխանությունների ու ժողովրդի կողմից բացասական է: Ես չգիտեմ՝ ով ինչ առաջարկ է արել: Չի բացառվում, որ ինչ-որ թուրքամետ, ադրբեջանամետ շրջանակներ փորձեն ինչ-որ այդպիսի քայլերի դիմել: Այս պահի դրությամբ, անկախ ամեն ինչից կարող են տարբեր ուժեր, տարբեր կազմակերպություններ փորձեն դա անել, մեր դիրքորոշումը հստակ է եւ մենք որեւէ ձեւով բնավ չենք ընդունում այս ամենը»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Հարցին, թե Ադրբեջանի կողմից Հակարի կամրջով որեւէ հումանիտար բեռի տեղափոխումն արգելելը կարո՞ղ է պայմանավորված լինել հենց այս առաջարկով, Դավիթ Բաբայանն պատասխանեց. «Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքի պատճառը մեկն է՝ հայատյացությունը, ծավալապաշտական քաղաքականությունը: Առիթները տարբեր են:
Օրերս Էրդողանն այցելեց Բաքու, ցույց տվեց, որ եղբայրական հարաբերություններ ունեն: Թուրքիան մի կողմից, միջզգային հանրության ժողովրդավարական հատվածի այլասերված լինելը, ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որով ողջունեցին Ալիեւի՝ հայերին համաներում շնորհելու հայտարարությունը, այսինքն տոտալիտար երկիրը ժողովրդավարության համար պայքարողներին համաներում է շնորհում, պետքարտուղարությունն էլ ողջունում է, բորելների, միշելների նման մարդկանց հայտարարություններն, իհարկե, գոտեպնդում են Ադրբեջանին: Բորելն ասում է՝ դե մենք Ադրբեջանին ասում ենք, չի ընդունում: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ Ադրբեջան, ինչ ուզում ես, արա, մենք այդպես կասենք, կփակենք: Եվ նա դիմում է նման քայլերի: Սրան գումարած մեր երկպառկությունը, հայոց պետականության քայքայված լինելը ազդում է այս բոլոր գործընթացների վրա»: