Այն գործիչները, ովքեր դեմ են Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, չեն ուզում պատասխանատվություն ստանձնել. Սամվել Բաբայան
Վաշինգտոնյան աղբյուրների վկայակոչմամբ «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տեղեկատվությունն ու դրան հաջորդած ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մ․ Զախարովայի՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության հարցում ԱՄՆ միջնորդական դերակատարության վերաբերյալ մտահոգությունը խանդի տեսարան են հիշեցնում։ Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։
Նրա խոսքով՝ նման մտահոգությունների համար հիմք են ծառայում Արցախի քաղաքական ուժերի՝ ռուսական կողմին փոխանցվող տեղեկությունները, որով նրանք ուզում են հասնել իրենց երակարաժամկետ նպատակներին և փրկել իրենց կաշին։
«Իմ հրապարակային խոսքում մշտապես շեշտել եմ փոխվստահության նպատակով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին, որովհետև միայն փոխադարձ վստահության մթնոլորտում հնարավոր կլինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Իսկ այն գործիչները, ովքեր դեմ են Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, չեն ուզում պատասխանատվություն ստանձնել։ Նրանք ընդամենը գործիք են այս կամ այն ուժային կենտրոնի ձեռքին և «տաքացնում են ձեռքերը» պատանդառված 120 հազար բնակչության վրա։ Կոչեր անելն, իհարկե, պայքարի ամենահեշտ ձևն է։ Սակայն, ամեն մեկը չէ, որ կարող է պատասխանատվություն ստանձնել», - նշեց նա։
Հիշեցնենք, «Ռիա Նովոստի»-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով ստիպում է Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ՝ սպառնալով հակաահաբեկչական գործողությամբ։