Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրով են լցվել Ստեփանակերտի մի շարք շինությունների նկուղային հարկերը
Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրով են լցվել մայրաքաղաքի մի շարք շինությունների նկուղային հարկերը, ինչպես նաև ավտոմեքենայի շարժիչ է խափանվել և մնացել ջրի մեջ
Հունիսի 14-ին ժամը 14:40-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում հորդառատ անձրևի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը խափանվել և մնացել է ջրի մեջ, ինչի հետևանքով ջուրը լցվում է ավտոմեքենայի սրահը: Այս մասին հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Տեղ հասնելուց պարզվել է, որ մայրաքաղաքի մեկ այլ բնակչի ավտոմեքենան նույնպես մնացել է ջրի մեջ։ Փրկարարները ավտոմեքենաները հանել են ջրից, և համոզվելով, որ վտանգ չկա, վերադարձել են ծառայության վայր։
Տեղացած սելավի հետևանքով անձրևաջրով է լցվել Ազատամարտիկների փողոցի շինություններից մեկի նկուղային հարկում գտնվող գրասենյակը։ Ժամը 15:00-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարների հետ մեկնել են կանչի վայր և իրականացրել ջրահեռացման աշխատանքներ։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելուց հետո, նույն խումբը մեկնել է Մ. Գոշ փողոց և բնակելի շենքի նկուղային հարկից հանել կուտակված անձրևաջուրը։
Մեկ այլ կանչ գրանցվել է ժամը 15։00-ին։ Ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կենտրոնական մասնաշենքի նկուղը լցվել է անձրևաջրով:
Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղից հեռացրել են անձրևաջուրը»,- ասված է հաղորդագրության մեջ։