Մտահոգություններ կան սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ․ իրանահայ պատգամավոր
Հաշվի առնելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կուլիսային պայմանավորվածությունները՝ մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ։ Այս մասին Իրանի խորհրդարանում հայտարարել է իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, պարսկերեն ու ռուսերեն գրել է Miran Press-ն իր տելեգրամյան ալիքում։
Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո կնքված նոյեմբերյան հայտարարությունը խախտվում է։ «Որպես իրանցի՝ մեր արտաքին քաղաքական ապարատը պետք է ավելի զգոն լինի, քանի որ հաշվի առնելով այն, թե ինչպես են դա արել երկու առաջնորդները, զգացվում է Զանգեզուրի միջանցքի հնարավորությունը»,- ասել է նա։
Շահվերդյանը նշել է, որ թեև Հայաստանի իշխանությունները միշտ ասում են․ «Մենք դեմ ենք Զանգեզուրի միջանցքին», սակայն փաստերը ցույց են տալիս, որ «քայլ առ քայլ մոտենում ենք այդ միջանցքին, ինչը վնասում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, քանի որ սահմանափակում է մեր ներկայությունը Հարավային Կովկասում և վնասում է Հարավ-Հյուսիս միջանցքին».
«Եթե Լեռնային Ղարաբաղը տրվի Ադրբեջանին, նրանք քայլ առ քայլ առաջ կգնան, և եթե այս տարածքը տրվի, ապա դա հավանաբար կլինի Զանգեզուրի Հանրապետությունը, իսկ հետո՝ Զանգեզուրի միջանցքը կամ այլ միջանցքներ, քանի որ նրանք ցանկանում են կապվել Եվրոպայի հետ Թուրքիայում, Նախիջևանում և Ադրբեջանում։ Եվ դա կսահմանափակի մեր մուտքը Եվրասիա, Սև ծով ու Վրաստան։ Այսօր Թուրքիան հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ Նախիջևանի և իրանական հողի միջոցով, և սահմանների այս փոփոխության և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կարիքը չկա»,- ընդգծել է նա:
«Ցավոք սրտի, Հարավային Կովկասում երրորդ տարրերը, ինչպիսիք են Սիոնիստական ռեժիմն ու ՆԱՏՕ-ի ընդլայնումը, գործոններ են, որոնք սահմանափակում են մեր մուտքը Եվրասիա։ Եվ դա մեզ վնասում է քաղաքական, տնտեսական ու ռազմավարական տեսանկյունից: Մենք հույս ունենք դառնալ Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ»,- ասել է իրանահայ պատգամավորը։