Հնդկաստանում առնվազն 9 մարդ է զոհվել բախումների ժամանակ
Հնդկաստանի հյուսիս-արևելքի Մանիպուրի նահանգում վերջին 24 ժամում առնվազն ինը մարդ է սպանվել բռնության նոր բռնկման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտնել է NDTV պարբերականը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ բախումները տեղի են ունեցել հունիսի լույս 14-ի գիշերը Խամենլոկի շրջանում։ Զոհերի թվում կա մի կին։ Մի քանի վիրավորներ բուժման նպատակով տեղափոխվել են Մանիպուրի մայրաքաղաք Իմպհալ։
Մանիպուրում մայիսի 3-ին սկսված միջցեղախմբային բախումների պատճառ է դարձել մեյթհեյ ժողովրդի միգրանտների պահանջը՝ նահանգում գրանցված կաստայի կարգավիճակ ստանալու մասին: Այդ կարգավիճակը կաստայի անդամներին տալիս է մի քանի արտոնություններ, այդ թվում՝ պետական հիմնարկությունում կամ ձեռնարկությունում աշխատանքի տեղավորվելիս, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս և այլն:
Դա հարուցել է կուկի ազգության՝ նահանգի բուն բնակչության ներկայացուցիչների բողոքը, որոնք այդ պահանջը համարել են հարձակում իրենց իրավունքների վրա: Կուկիներն անցկացրել են «Ցեղախմբային համերաշխության երթ»՝ ի նշան բողոքի մեյթհեյ ժողովրդին «գրանցվածների» կատեգորիայում դասելու դեմ, որից հետո նահանգում սկսվել են զանգվածային բախումներ։
Մայիսի սկզբից բախումների հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել: Հազարավոր մարդիկ տեղահանվել են:
Մանիպուրի 16 շրջաններից 11-ում պարետային ժամ է հայտարարված, նահանգում անջատվել է ինտերնետը: