Շուրջ 40.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը, 78.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող ամուսիններ Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցումն ու քրեական վարույթի կարճումը իրավասու պաշտոնատար անձանց միջոցով ապահովելու համար հիշյալ մեղադրյալներից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
«Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակում Ա. Ջ.-ն և Ա. Հ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ընդհանուր ծանոթ Գ. Մ.-ի միջնորդությամբ, 2022 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում քննիչ Վ. Ա.-ին մաս-մաս տվել են ընդհանուր 11.305.982 ՀՀ դրամին համարժեք 27.800 ԱՄՆ դոլար և 1.840.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀԿԳ քննիչ Վ. Ա.-ն իր զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունն ու կապերն օգտագործելով Ա. Հ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս վարած ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում Ա. Հ.-ին չկալանավորելու համար, նրա կնոջից՝ Ա. Ջ.-ից, պահանջել է 15.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ա. Ջ.-ն, սակարկելով պահանջված գումարի չափը, Վ. Ա.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նրան 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին: Այնուհետև՝ 2022 թվականի հուլիսի 23-ին, քննիչը ստացել է պայմանավորված կաշառքի գումարը:
Բացի այդ, վերը նշված քրեական վարույթի շրջանակում Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի ցուցմունքները «մշակելու» համար ՀԿԳ քննիչ Վ. Ա.-ն նրանցից պահանջել և ստացել է ևս 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Կ. Խ.-ից խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ քննիչ Վ. Ա.-ն 2022 թվականի օգոստոսին հանդիպել է Կ. Խ.-ին և վերջինիս հավաստիացրել, թե իբր իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կարող է աջակցել պաշտոնատար անձին կաշառք տալու դիմաց նրա թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն: Ընդունելով պաշտոնատար անձին կաշառք տալու առաջարկը՝ Կ. Խ.-ն համաձայնվել և Գ. Մ.-ի միջոցով քննիչին է տվել 5.000 ԱՄՆ դոլար, որն էլ քննիչը խաբեությամբ հափշտակել է:
Այսպիսով՝ Վ. Ա.-ն վերը նշված անձանցից ստացել է ընդհանուր շուրջ 40.000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև խաբեությամբ հափշտակել 5000 ԱՄՆ դոլար:
29.05.2023 թվականին Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /2 դրվագ/, 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ա. Ջ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Հ.-ին՝ 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Կ. Խ.-ին՝ 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Գ. Մ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով և 44-437-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ,- ասված է հաղորդագրության մեջ: