Ճապոնիայում նորակոչիկ զինվորը վարժանքների ժամանակ սպանել է 2 վերադասի, վիրավորել՝ 1-ին
Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի նորակոչիկը վարժանքների ժամանակ կրակել է երեք հրահանգիչների, որոնցից երկուսը սպանվել են, մեկը՝ ծանր վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի կենտրոնական Գիֆու պրեֆեկտուրայում ինքնապաշտպանության ուժերի՝ հրաձգարանում անցկացվող վարժանքների ժամանակ:
Ըստ Ցամաքային ինքնապաշտպանության ուժերի՝ 18-ամյա նորակոչիկը ձերբակալվել է տեղում՝ առավոտյան ժամը 9:10-ի սահմաններում: Սպանվածները 52 և 25 տարեկան են, վիրավորը՝ 25 տարեկան:
Նորակոչիկը ցամաքային ինքնապաշտպանության ուժերին էր միացել ապրիլին և նույն գնդից էր, որից հարձակման ենթարկված իր վերադասներն էին: Վարժանքներում ընդգրկված էր անձնակազմի գրեթե 120 անդամ, այդ թվում՝ շուրջ 70 նորակոչիկ:
Ցամաքային ինքնապաշտպանության ուժերի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ գերատեսչությունն ամբողջ երկրում անմիջապես կկասեցնի բոլոր վարժանքները, որոնք ներառում են հրաձգություն և պայթյուններ՝ ապահովելու զորքերի անվտանգությունը: Նաև կստեղծվի հետաքննիչ հանձնաժողով՝ նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար: