Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու մասին միջնորդությունը. մոտենում է ամբաստանյալների հարցաքննության փուլը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
«2 դատական նիստ առաջ միջնորդություն էինք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Մենք հաշվի էին առել այն, որ գործով 15 վկաներից 11-ը արդեն հարցաքննվել էին: Դատարանը հաջորդ նիստին մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց Սերգեյ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ասաց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
Նա նաեւ նշեց, որ մոտենում է ամբաստանյալների հարցաքննության փուլը:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին։