Մենք աջակցում ենք Հայաստանին Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում. Կատրին Կոլոննա
Մենք Հայաստանի կողքին ենք Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Կատրին Կոլոննայի խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին այդ հարցում որևէ այլ երկիր այնպիսի աջակցություն չի ցուցաբերում, ինչպես Ֆրանսիան, ինչի մասին վկայում են նախագահ Մակրոնի ջանքերը:
«Մենք աջակցում ենք Հայաստանին նաև տեղում՝ լարվածության նվազեցման հարցում: Ապրիլին ես անձամբ էի մեկնել Հարավային Կովկաս՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին օգնելու՝ հասնել խաղաղության համաձայնագրի»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Կատրին Կոլոննան անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ շեշտելով, որ Ֆրանսիան մեծապես աջակցել է առաքելության ստեղծմանը, և այն այսօր նպաստում է իրավիճակի լիցքաթափմանը:
Հարցուպատասխանի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներից Իզաբել Սանտյագոն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ բանաձև ընդունել՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Ֆրանսիան պատմական և եղբայրական կապեր ունի Հայաստանի հետ, մեր պարտքն է՝ գործել»,- նշել է ֆրանսիացի պատգամավորը: