Նիգերիայում հարսանիքից վերադարձող 103 մարդ է զոհվել նավի խորտակման պատճառով
Նիգերիայի հյուսիսում հարսանիքից վերադարձող նավը շրջվել է, որի հետևանքով առնվազն 103 մարդ է մահացել: 100 մարդ փրկվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ գիշերվա ժամը 3-ին: Նշվում է, որ բնակիչները և ոստիկանությունը Նիգեր գետում դեռ որոնում են տասնյակ մարդկանց, որոնք գտնվում էին գերբեռնված նավի տախտակամածին:
Խեղդվածների մեծ մասը մի քանի գյուղերից էին և միասին այցելել էին իրենց հարազատների հարսանիքին՝ խնջույքին մնալով մինչև ուշ գիշեր: Նրանք հարսանիքին էին մեկնել մոտոցիկլետներով, սակայն ստիպված էին եղել վերադառնալ տեղական արտադրության նավով, քանի որ հորդառատ անձրևների պատճառով ճանապարհը հեղեղվել էր:
Ըստ տեղի պաշտոնյաների՝ նավը գերբեռնված է եղել, տախտակամածին գտնվել է շուրջ 300 մարդ: Նավը հարվածել է ջրի ներսում գտնվող մեծ գերանի և երկու մասի բաժանվել: Նավաբեկության ուշ ժամի պատճառով շատերը մի քանի ժամ տեղյակ չեն եղել կատարվածի մասին:
Associated Press-ն ընդգծում է, որ Նիգերիայի հեռավոր համայնքներում, որտեղ տեղաշարժման համար սովորաբար օգտագործում են տեղական արտադրության նավեր, հաճախ են նավաբեկություններ տեղի ունենում: Դժբախտ պատահարների պատճառ են դառնում հիմնականում գերբեռնվածությունը և նավերի վատ տեխնիկական սպասարկումը: