Եթե ներպետական ատյանները խափանման միջոցը չփոխեն, չի բացառվում, որ դիմենք ՄԻԵԴ. Ստեփան Գալստյանի պաշտպան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը նախկինի համեմատ մի փոքր բարվոք է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
«Ստեփան Գալստյանը այժմ Քրեակատարողական հիմնարկում է: Առողջական վիճակը նախկինի համեմատ փոքր ինչ բարվոք է: Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չենք ստացել: Եթե ներպետական դատարանները Գալստյանին խափանման միջոցը չփոխեն, ապա չի բացառվում, որ դիմենք ՄԻԵԴ»,- նշեց Անդրանիկ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։
Այս գործով անցնում են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։
Նշենք, որ կալանքի տակ են նաեւ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը։