Երասխում կառուցվող գործարանի և շարժական գույքի ուղղությամբ հակառակորդի կրակոցների դեպքի առթիվ վարույթ է հարուցվել. ՔԿ
2023թ. հունիսի 13-ին՝ ժամը 18:30-ին, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու, գույք վնասելու կամ ոչնչացնելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։ Դրա հետևանքով վնասվել է գործարանում կայանված «ՎԱԶ 2106» ավտոմեքենան, իսկ մարդկային կորուստներից հնարավոր է եղել խուսափել կրակոցների ուղղության հատվածում պատահականորեն անձանց չգտնվելու պատճառով:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ Երասխ բնակավայրում գտնվող հայ-ամերիկյան մետալուրգիական նորակառույց գործարանի տարածքում գտնվող բետոնապատ հենասյան, վարչական շենքի, շինհրապարակում կայանված՝ ՍՊԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներում հայտնաբերվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված հետքեր։ Նույն գործարանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է նաև նույն գործարանի աշխատակցին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան՝ հետին ապակին վնասված վիճակում։
Վնասված շարժական գույքերը ռազմական որևէ նշանակություն չեն ունեցել։
Կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված գնդակին նմանվող առարկա:
Հարցաքննվել են մի շարք անձինք։ Որոշումներ են կայացվել դատաապրանքագիտական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ նշանակելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է։