Ամբլիոպիա. «Ծույլ աչքի» խանգարման պատճառներն ու բուժման տարբերակները
Ամբլիոպիան տեսողության խանգարում է, որը բավականին տարածված է երեխաների շրջանում։
Վաղ ախտորոշումը, ակնոցով կամ կոնտակային լինզայով երեխայի տեսողության շտկումը, ինչպես նաև խնդիր ունեցող աչքը ծածկելը կարող են կանխարգելել տեսողական հետագա բարդությունների զարգացումը, գրում է Aysor.am-ը։
Ամբլիոպիայի պարագայում մանկական տարիքում աչքերից մեկը սխալ է զարգանում և արդյունքում աչքը գլխուղեղի հետ ներդաշնակ չի համագործակցում: «Ծույլ աչքի» խանգարումը շատ հազվադեպկարող է ընդգրկել երկու աչքերն էլ: Չբուժելու դեպքում ամբլիոպիան կարող է առաջացնել ախտահարված աչքում տեսողության կայուն կորուստ:
Ամբլիոպիան սովորաբար ի հայտ է տալիս երեխաների մոտ՝ ծնված օրվանից մինչև 7 տարեկան հասակը, ավելի հաճախ՝ 5 տարեկանում և հանդիսանում է մեկ աչքում տեսողության թուլացման հիմնական պատճառը: Այն ավելի հաճախ զարգանում է թերհաս նորածինների կամ ընտանեկան (ժառանգական) նախատրամադրվածությամբ երեխաների մոտ:
Ամբլիոպիան զարգանում է, երբ աչքերից մեկը վաղ տարիքում ստանում է ավելի թույլ տեսողական ազդանշաններ, քան մյուսը: Արդյունքում, ախտահարված աչքից ստանալով ավելի թույլ տեսողական ազդանշաններ, գլխուղեղն աստիճանաբար սկսում է անտեսել այդ աչքից եկող ազդակները:
Ամբլիոպիան կարող է զարգանալ երեխայի տեսողությունը խաթարող կամ շլության բերող որևէ պատճառից:
Ավելի հաճախ ամբլիոպիայի պատճառ են հանդիսանում՝
աչքերի դիրքը ապահովող մկանների անհավասարակշռությունը (շլություն),
աչքերի միջև տեսողության սրության տարբերությունը (ռեֆրակտիվ անիզոմետրոպիա),
աչքի մակերևույթի (եղջերաթաղանթի կամ ոսպնյակի) կորության խախտումը (աստիգմատիզմ),
մեկ աչքի հետ կապված որևէ խնդիրը, օրինակ՝ ոսպնյակի որոշ շրջանների պղտորությունը (բնածին կատարակտ):
Երեխայի մոտ ամբլիոպիայի առկայության մասին հուշող ախտանշաններից են՝
աչքերը միասին և ներդաշնակ չեն գործում,
աչքերից մեկը շարժվում է դեպի ներս կամ դուրս,
տեսողությունը կենտրոնացնելիս երեխան մի աչքը կկոցում կամ փակում է,
տեսողությունը լարելիս երեխան գլուխն առաջ է թեքում,
առկա են տեսողական խոր (եռաչափ) ընկալման թուլության նշաններ:
Անհրաժեշտ է այցելել բժշկի, եթե նկատվում են աչքի անորոշ և անկառավարելի շարժումներ։ Կարևոր է նաև, որ մինչև դպրոց հաճախելը երեխան անցնի տեսողության կանխարգելիչ ստուգում:
Ամբլիոպիան ախտորոշվում է ակնաբույժի կողմից՝ երեխայի տեսողության հետազոտման միջոցով:
Որքան վաղ է սկսվում ամբլիոպիայի բուժումը, այնքան ավելի լավ արդյունքներ կարելի է ակնկալել. կարևոր է տեսողության այս խանգարումը շտկել, քանի դեռ գլխուղեղի և աչքերի միջև ներդաշնակ կապերը լիարժեքորեն չեն ձևավորվել:
Բուժման տեսակը կախված է ամբլիոպիայի պատճառից և երեխայի տեսողության խանգարման աստիճանից:
Բուժման տարբերակներից են՝
երեխայի մոտ աստիգմատիզմի, կարճատեսության կամ հեռատեսության շտկումը՝ ակնոցի կամ կոնտակտային լինզաների միջոցով,
ավելի ուժեղ տեսողությամբ աչքի ծածկումը՝ խթանելու թույլ աչքի գործունեությունը,
նույն նպատակով, ավելի ուժեղ տեսողությամբ աչքի համար տեսողությունը ժամանակավորապես վատացնող-աղավաղող տեղային կաթիլների (օրինակ՝ ատրոպին) կամ այլ միջոցների կիրառումը,
ըստ ցուցման՝ երեխայի հիվանդ աչքի խնդրի վիրահատական բուժումը (օրինակ՝ կատարակտի, կախ ընկած վերին կոպի, շլության դեպքում):
Բուժումը սովորաբար արդյունավետ է լինում մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, թեև անհրաժեշտության դեպքում կարող է շարունակվել մինչև 2 տարի:
25 % դեպքերում ամբլիոպիան կարող է կրկնվել, ուստի կարևոր է, որ բուժումից հետո երեխան գտնվի ակնաբույժի հսկողության ներքո: