Ոստիկանները բացահայտել են Երևանի Բաղրամյան պողոտայում կատարված սպանությունը
Հունիսի 6-ին, ժամը 22.07-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայի 49/2 հասցե, որտեղ տղամարդու դիակ է եղել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել էր 35-ամյա Վարազդատ Գասպարյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վերոհիշյալ հասցեի մոտակայքում Երևանի Նար-Դոսի փողոցի 25-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող, դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Վարազդատ Գասպարյանի ուղղությամբ, որը մահացել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 6-ին Նար-Դոսի փողոցի 25-ամյա բնակիչը, դեռևս չպարզված հարցի շուրջ անհամաձայնություններ ունենալով Վարազդատ Գասպարյանի հետ և նախապես պլանավորելով սպանել նրան, երեկոյան ժամը 8-ի սահմաններում որպես տաքսի շահագործվող «Օպել»
մակնիշի մեքենայով գնացել է Երևան քաղաքի Ջեյմս Բրայսի փողոց, որտեղ դարանակալել է և հարմար պահն օգտագործելով՝ կրակել ու սպանել է Վարազդատ Գասպարյանին:
Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես նաև Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 13-ին 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: