ԵՄ-ն պետք է կարևոր դեր խաղա՝ ապահովելու այն երաշխիքները, որոնք հայկական կողմը իրավացիորեն պահանջում է․ Կաստալդո
Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ, եվրապատգամավոր Ֆաբիո Կաստալդոն կարծիք է հայտնել, որ ժամանակն է՝ Եվրամիությունը մեծ ուշադրություն դարձնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։
«Մենք այժմ տեսնում ենք համապարփակ խաղաղության համաձայնագրի հնարավորություն։ Ես կարծում եմ՝ կարևոր է, որ ԵՄ-ն այստեղ դեր ունենա՝ ոչ միայն միջնորդական ջանքեր գործադրելով, այլև ապահովելով այն երաշխիքները, որոնք հայկական կողմն իրավացիորեն պահանջում է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ դեր կարող ենք ունենալ՝ ապահովելու, որ հնարավոր խաղաղության պայմանագիրն իրապես ընդունելի լինի երկու կողմերի համար՝ խուսափելու համար հետագա բախումներից։ Պետք է տեսնենք՝ ինչ կարող ենք անել՝ Բաքվի կողմից պահվող ռազմագերիների վերադարձը դյուրացնելու համար։ Եվ ի վերջո, ինչպես կարող ենք նպաստել միջազգային մեխանիզմին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը»,- ասել է պատգամավորը։