Մոնցայի մարզադաշտը կարող է վերանվանվել Սիլվիո Բեռլուսկոնիի պատվին
Մոնցա քաղաքի մարզադաշտը կարող է վերանվանվել Սիլվիո Բեռլուսկոնիի պատվին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Այս առաջարկն արվել է Մոնցայի քաղաքային խորհրդում։ Երեկ 86 տարեկան հասակում մահացել է իտալացի հայտնի քաղաքական գործիչ, «Մոնցայի» սեփականատեր, «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին։
«Սիլվիո Բեռլուսկոնիի անունը հավերժ կմնա մեր քաղաքի հիշողության մեջ, քանի որ նրա գլխավորությամբ «Մոնցան» հասավ Ա Սերիա և առաջնության ավարտից 6 տուր առաջ ապահովեց իր տեղը լիգայում»,- ասվում է հայտարարության մեջ։
Վերջին ամիսներին Բեռլուսկոնին պայքարում էր ծանր հիվանդության՝ լեյկեմիայի դեմ։ Նա խնդիրներ ուներ սրտանոթային և շնչառական համակարգերի հետ, փոխանցում է ArmSport.am-ը: