Վահագն Խաչատուրյանը հրաժարվել է առանձին կացարանից. նախագահը՝ մերժված կերպար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թեեւ իշխող ՔՊ-ի ձայներով ՀՀ նախագահ ընտրվեց ԱԺ-ում, այնումենայնիվ, շարունակում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից մնալ ամենամերժված կերպարներից մեկը: Նա անգամ կառավարական ամռանոցներում առանձնատուն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահագն Խաչատուրյանին առանձին կացարան է առաջարկվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, սակայն կացարանն այնքան անբարվոք, ապրելու համար ոչ պիտանի վիճակում է եղել, որ նախագահը հրաժարվել է դրանից, չի ցանկացել ապրել կառավարական՝ իրեն հատկացված բնակարանում:
Թեեւ իշխանության վերին օղակները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոստացել են, որ բնակարանը կարճ ժամանակում կվերանորոգվի եւ կհանձնվի նախագահին, սակայն այն մինչ օրս պատրաստ չէ, դեռ նորոգումները շարունակվում են, իսկ Վահագն Խաչատուրյանը ապրում է իր հին բնակարանում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԱԿ անդամ էր, ով 2022թ.-ին դադարեցրել էր իր անդամակցությանը ՀԱԿ-ին՝ ՔՊ-ի կողմից առաջադրվելով ՀՀ նախագահի թեկնածու:
Նա դադարել է լինել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը, քանի որ առաջին նախագահը հրապարակավ Նիկոլ Փաշինյանին «ազգակործան պատուհաս» որակեց, իսկ Խաչատուրյանը, փաստորեն, «ազգակործան պատուհասի» հետ կիսում է պատասխանատվություն՝ մերօրյա ազգակործան քաղաքականության մասով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: