ՌԴ ՊՆ-ն առաջին պայմանագիրն է ստորագրել կամավորական «Ախմատ» խմբավորման հետ
ՌԴ պաշտպանության նախարարությունը կամավորների մասին հրամանով առաջին պայմանագիրը կնքել է «Ախմատ» ջոկատի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ռազմական գերատեսչության հայտարարությունը։
«Կամավորական կազմակերպությունների ծառայողական գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին ՌԴ պաշտպանության նախարարի հրամանի կատարման շրջանակներում պայմանագիր է կնքվել ՌԴ պաշտպանության նախարարության և «Ախմատ» կամավորական ջոկատի միջև, որը պատրաստվել է Հատուկ նշանակության ռուսական համալսարանի կողմից»,- հայտնել են նախարարությունից։
Պայմանագիրը սահմանում է ռազմական գործողությունների գոտում «Ախմատ»-ի կամավորական ստորաբաժանումների իրավական կարգավորումն ու գործունեությունը, ինչպես նաև պետության կողմից սահմանված սոցիալական պաշտպանության և աջակցության միջոցառումների տարածումը կամավորների և նրանց ընտանիքների վրա։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմը հույս է հայտնել, որ հետագայում բոլոր կամավորական ջոկատները նման պայմանագրեր կստորագրեն:
Հունիսի 10-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման է ստորագրել, որով սահմանվել է կամավորական կազմակերպությունների ծառայողական գործունեության կազմակերպման կարգը։ Փաստաթղթի համաձայն՝ բոլոր կամավորական ջոկատները մինչև հուլիսի 1-ը պայմանագրեր կկնքեն ՊՆ-ի հետ։ Դա կբարձրացնի Զորքերի միացյալ խմբավորման կազմում կամավորական ջոկատների ներգրավման արդյունավետությունը: