Բորելը կարծում է, որ Ուկրաինայի շուրջ հաշտության բանակցությունները չեն սկսվի մինչև ԱՄՆ-ի ընտրությունները
Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները հազիվ թե սկսվեն մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2024 թվականին։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով նրա հարցազրույցը Odna Cero ռադիոկայանին:
«Կարծում եմ, որ նա (խմբ.՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) սպասում է ամերիկյան ընտրությունների արդյունքներին: Մինչ այդ չարժե սպասել հաշտության բանակցությունների սկսվելուն», - ասել ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Ըստ Բորելի՝ բոլոր ղեկավարները, որոնք գնացել են ՌԴ նախագահի հետ հանդիպման, վերադարձել են նույն պատասխանով. «Ռուսաստանը ռազմական նպատակներ ունի և մինչև այդ նպատակները չիրականացնի, պատերազմը չի դադարեցնի»:
Ժոզեպ Բորելը նաև գտնում է, որ Պուտինը վիթխարի սխալ է թույլ տվել՝ պատերազմը սկսելով, քանի որ հավատացել է, որ 15 օրում կարող է ճնշել Կիևին ուժերի անհավասարության պատճառով: Սակայն, ըստ Բորելի, Պուտինը թերագնահատել է Ուկրաինայի պաշտպանական ունակությունները, ինչպես նաև գերագնահատել է իր բանակի կարողությունները:
«Եթե ես Պուտինի ընկերը լինեի, ինչպես չինացիները, ապա նրան կասեի, որ նա վիթխարի սխալ է թույլ տվել, պետք է ուղղի այն հնարավորինս շուտ: Դա մենք ակնկալում ենք Չինաստանից»,- հավելել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը: