Ե՞րբ և ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը ոչնչացնել մարդկությանը
Աշխարհի առաջատար երկրներում տեխնոլոգիական սեգմենտի զարգազմանը զուգահեռ արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է ինչ-որ պահից արդեն մարդկության համար վտանգ ներկայացնել։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է The New York Times-ում հրապարակված հոդվածում։
Մասնագետների կարծիքով՝ ԱԲ համակարգերի չափազանց մեծ ինքնավարությունը և դրանց միացումը կենսական ենթակառուցվածքներին, ինչպիսիք են էլեկտրական ցանցերը, ֆոնդային շուկաները և սպառազինությունը, անկանխատեսելի հետևանքների կարող են հանգեցնել:
Մոնրեալի համալսարանի գիտաշխատող, պրոֆեսոր Յոշուա Բենջիոյի խոսքով, այսօրվա ԱԲ համակարգերը գոյաբանական վտանգ չեն ներկայացնում, սակայն դժվար է կանխատեսել, թե որ պահը կդառնա վճռորոշ և կհանգեցնի աղետի:
«Այսօրվա համակարգերը նույնիսկ մոտ չեն գոյաբանական ռիսկ լինելուն: Բայց մեկ, երկու, հինգ տարի հետո՞։ Չափազանց մեծ է անորոշությունը: Ահա թե որն է խնդիրը: Վստահություն չկա, որ մենք գիտակցում ենք այդ պահը, երբ աղետի եզրին կհայտնվենք»,- ասել է պրոֆեսորը:
«Ինչ-որ պահի պարզ կդառնա, որ հասարակությունը և տնտեսությունը կառավարող մեծ մեքենան իրականում մարդկային հսկողության տակ չէ և չի կարող անջատվել, ինչպես որ S&P 500-ը չի կարող անջատվել»,- ասել է Սանտա Կռուզում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի տիեզերաբան Էնթոնի Ագիրեն։
Մասնագետների խոսքով ՝ մինչ այժմ ԱԲ համակարգերը հակված են «լռվել անվերջ կրկնվող հանգույցներում», սակայն ժամանակի ընթացքում, եթե այդ ծրագրերը բարելավվեն, այդ սահմանափակումները կարող են վերացվել:
«Քանի որ ԱԲ համակարգերը սովորում են շատ ավելի մեծ ծավալի տվյալների հիման վրա, քան կարող են հասկանալ նույնիսկ դրանց ստեղծողները, այս համակարգերն արդեն անսպասելի վարքագիծ են ցուցաբերում: Որոշ փորձագետներ մտավախություն ունեն, թե քանի որ հետազոտողներն այս համակարգերն ավելի հզոր են դարձնում՝ դրանց սովորեցնելով ավելի ու ավելի շատ տվյալների հիման վրա, դրանք կարող են ավելի վնասակար և նույնիսկ վտանգավոր սովորություններ զարգացնել»,- հավելել է նյութի հեղինակը: