Կենտրոնի բաժնում փաստաբանը ոստիկանների և պարեկների կողմից բռնության է ենթարկվել․ Փաստաբանների պալատ
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանն ահազանգել է, որ հերթական անգամ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ։
Մամուլի խոսնակը ֆեյսբուքի էջում միջադեպի հետ կապված այլ տեղեկություններ չի հանրայնացրել։
Նա Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ։ Փաստաբանների պալատից ասում են, որ ոստիկանների կողմից բռնության ենթարկված փաստաբանը դեռ չի ուզում անունը հրապարակել։ Փաստաբանը, սակայն, վաղը մամուլի ասուլիսի ժամանակ միջադեպը կներկայացնի հանրությանը։
«Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Կենտրոնի բաժնում, փաստաբանը ոստիկանության բաժին է ներկայացվել մասնագիտական պարտականությունները կատարելու նպատակով։ Բռնությունը տեղի է ունեցել իր վստահորդի պաշտպանությունն ստանձնելու ընթացքում։ Նա բաժնի ոստիկանների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության»,- հայտնեց Սիլվի Տիգրանյանն՝ այլ մանրամասներ չհրապարակելով։