Ջորջ Սորոսն իր կայսրության վերահսկողությունը փոխանցել է որդիներից մեկին
Հրեական ծագումով ամերիկացի միլիարդատեր, ներդրող, բարերար Ջորջ Սորոսն իր հսկայական կայսրության վերահսկողությունը հանձնում է որդուն՝ Ալեքսանդրին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սորոսի մամուլի խոսնակի հայտարարությունը:
Նշվում է, որ խոսնակը հաստատել է կիրակի օրը The Wall Street Journal-ում հրապարակված Սորոսի հետ հարցազրույցի նշված մանրամասները։
92-ամյա Սորոսը հարցազրույցում նշում է, որ նախկինում չէր ցանկանում, որ իր Բաց հասարակության հիմնադրամները վերահսկվեն իր հինգ երեխաներից որևէ մեկի կողմից: Բայց խոսելով հիմնադրամը և իր 25 միլիարդ դոլար արժողությամբ կայսրության մնացած մասն իր 37-ամյա որդի Ալեքսին հանձնելու որոշման մասին, Ջորջ Սորոսն ասել է. «Նա վաստակել է դա»:
The Wall Street Journal-ին հարցազրույց է տվել նաև Ալեքսը՝ նշելով, որ ինքն «ավելի քաղաքական» է, քան իր հայրը, և որ նախատեսում է շարունակել ընտանեկան գումարները նվիրաբերել ԱՄՆ-ի՝ ձախ հայացքների տեր թեկնածուներին:
Ջորջ Սորոսի որդին նաև ասել է, որ ընդլայնելու է իր հոր «լիբերալ նպատակները» և հիմնադրամի գործունեությունում ընդգրկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են քվեարկությունը և աբորտի իրավունքը, ինչպես նաև գենդերային հավասարությունը:
«Որքան էլ ես կցանկանայի փողը հանել քաղաքականությունից, սակայն քանի դեռ դա անում է մյուս կողմը, մենք նույնպես ստիպված կլինենք դա անել», - ասաց Ալեքսը։
Բաց հասարակության հիմնադրամների խորհուրդը դեկտեմբերին Ալեքսին ընտրել էր նախագահ: Հիմնադրամը, որն ակտիվ է աշխարհի ավելի քան 120 երկրներում, տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար է ուղղում տարբեր խմբերի, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, ժողովրդավարության կառուցմամբ:
Իր հերթին POLITICO-ն նշում է, որ Ալեքսը Ջորջ Սորոսի երկրորդ կնոջից ունեցած երկու որդիներից ավագն է: