Պակիստանն առաջին անգամ նավթ է ստացել ՌԴ-ից
Ռուսաստանից նավթահումքի առաջին խմբաքանակը հասել է Պակիստան: Հումքը ձեռք է բերվել զեղչով, իսկ բեռնարկղերի բեռնաթափումը կսկսվի հունիսի 12-ին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։
Ռուսաստանն առաջին անգամ է նավթ մատակարարել Պակիստանին: Ինչպես մայիսին հայտնել է Պակիստանի էներգետիկայի նախարար Խուրրամ Դաստգիր Խանը, երկրի իշխանությունները գնման դիմաց վճարել են դոլարով։
Ավելի վաղ Express News հեռուստաալիքը հաղորդել էր, որ զեղչը կարող է կազմել մեկ բարելի դիմաց մինչև 18 դոլար։ 2022 թ.-ի վերջին պակիստանյան The News թերթը պնդում էր, որ Իսլամաբադը Մոսկվայից 30-40% զեղչ է խնդրել, սակայն այն ժամանակ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։
Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել ռուսական նավթի գնի վերին շեմը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլար, որը սահմանվել էր Եվրամիության, «Մեծ յոթնյակի» երկրների և Ավստրալիայի կողմից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած պատերազմի պատճառով։ Այդ նույն օրն սկսել է գործել Եվրամիության էմբարգոն Ռուսաստանի Դաշնությունից ծովով մատակարարվող նավթի վրա, ինչպես նաև ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքի գների սահմանափակումը՝ մեկ բարելի համար 45 և 100 դոլարի մակարդակով՝ կախված հումքի տեսակից։