Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման պատճառով 13 հազար մարդ է տարհանվել
Ֆիլիպինների հյուսիս-արևելքից շուրջ 13 հազար մարդ է տարհանվել, քանի որ երկրի ամենահայտնի «Մայոն» հրաբխից շարունակում է լավա հոսել: Հրաբխի 6 կմ շառավղում բնակվող մարդիկ տեղափոխվել են օթևաններ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:
«Մայոն» հրաբխից լավան սկսել է ժայթքել դեռ անցյալ շաբաթ, սակայն տարհանումները սկսվել են շաբաթ և կիրակի օրերին, քանի որ հրաբխի ակտիվությունն ուժգնացել է:
Ըստ Ֆիլիպինների գլխավոր հրաբխաբանի՝ հնարավոր է, որ առաջիկա օրերին ավելի շատ մարդիկ տարհանվեն:
«Մայոն»-ը Ֆիլիպինների ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Վերջին շաբաթներին այն անհանգիստ է դարձել և ուղեկցվում է ավելի հաճախակի երկրաշարժերով և խառնարանից քարերի արտանետումներով:
1814 թ.-ին տեղի ունեցած ժայթքման հետևանքով 1200 մարդ է մահացել, մի ամբողջ քաղաք թաղվել է լավայի տակ: