Ուկրաինան հայտարարել է հակահարձակման առաջին արդյունքների մասին, կողմերի միջև կատարվել է գերիների փոխանակում
Ուկրաինան հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում ազատագրել է 3 գյուղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տավրիայի ուղղությամբ պաշտպանության ուժերի միացյալ մամուլի կենտրոնի խոսնակ Վալերի Շերշենը հայտարարել է, որ երևում են «հակահարձակման առաջին հաղթանակները, տեղայնացված արդյունքները»:
Ըստ BBC-ի՝ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում ուկրաինական զորքերը տոնում են հաղթանակը Դոնեցկի մարզի Բլագոդատնոյե և Նեսկուչնոյե բնակավայրերի մոտ:
Իսկ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն ավելի ուշ հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հետ են գրավել Մակարովկա բնակավայրը և առաջնագծի հարավային մասում 300 մետրից մինչև 1.5 կմ առաջ են շարժվել:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան տեղեկագրում չի նշել գյուղերի գրավման մասին, փոխարենը՝ հայտարարել է, որ ռուսական ուժերը ավիահարվածներ են հասցրել Բլագոդատնոյե, Նեսկուչնոյե, Զոլոտայա Նիվա և այլ բնակավայրերին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 10-ին հաստատել է, որ ուկրաինական ուժերը հակահարձակում են սկսել:
Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորքերի «Հարավային» խմբավորումը հաջողությամբ հետ է մղել ուկրաինական ստորաբաժանումների 8 հարձակում Նովոբախմուտովկա, Կրասնոգորովկա, Պերվոմայսկոյե և Մարյինկա բնակավայրերի ուղղությամբ, և որ ռուսական ուժերի պաշտպանությունը չի ճեղքվել:
Գերատեսչությունը նաև նշում է, որ բանակցությունների արդյունքում ուկրաինական կողմից վերադարձվել է 94 ռուսաստանցի զինծառայող:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հաղորդել է, որ գերիների փոխանակման շրջանակներում Ուկրաինա է վերադարձվել 95 ուկրաինացի զինծառայող: